Thursday, February 12, 2015

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ԵՐԵՎԱՆԻ 170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

451 թվականի մայիսին  Ավարայրի  ճակատամարտում  հայրենիքի, հայ եկեղեցու,  քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված   Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները  Հայաստանյայց առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից ենԻրենց նահատակությամբ  նրանք  հաստատեցին  հայ  ժողովրդի  ապրելու  կամքը  և  լինելիության իրավունքը:  
            Աշակերտները, խորն ըմբռնելով տոնի խորհուրդը ,  նախաձեռնեցին և իրականացրեցին գեղեցիկ միջոցառում` նվիրված Վարդանանց  քաջերին: Ներկայացվեցին  Վարդանանց պատերազմի պատճառները, ընթացքն ու պատմական նշանակությունը: Հնչեց Ներսես Շնորհալու <<Նորահրաշ>> շարականը   և մասնակցիները  մեկ   րոպե լռությամբ  հարգեցին  << վասն հաւատոյ, վասն հայրենեաց>> զոհված քաջերի  հիշատակը : Աշակերտները  երգեցին  հայրենասիրական խրոխտ երգեր:  Ներկաները  ևս մեկ  անգամ  համոզվեցին Եղիշեի հետևյալ խոսքերում.     <<Քրիստոնեությունը ոչ թե իբրև զգեստ ենք հագել, որ կարելի է հանել ու փոխել, այլ այն ունենք իբրև մաշկի գույն>>:




Monday, February 2, 2015

ՀԱՅՈՑ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԲԱՆԱԿԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՏՈՂԱՆ ԹԻՎ 170 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ  170 ավագ դպրոցում հանդիսավոր տողան էր:
     Հնչում է Հայաստանի Հանրապետության հիմնը: Զինվորական բարձրաստիճան հյուրերի, տնօրենի, ուսուցիչների, գեղեցիկ կեցվածքով, ձիգ կանգնած պատանիների առջևով ներս է բերվում  եռագույնը, որը ծածանվում է, և յուրաքանչյուրի  հայացքի առջև հառնում է հայոց բանակի անցած փառավոր ուղին:
    Քաջագործությունների, հերոսական էջերի նկարագրությունները ոգևորեցին հայոց պատանիներին ու աղջիկներին, որոնց արծվենի հայացքներից հուր է ցայտում, իսկ շուրթերից պոկվում էին.         << Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
                                                     Մեր թրերը միշտ ամուր են, սուր են...>>
    Հնչում են շնորհավորանքի բառեր, ապագան խաղաղ երկնքի ներքո կերտելու, հայրենիքը բոլորանվեր պաշտպանելու կոչեր:
    Ասես Վարդանանց ոգին էր թևածում` <<Ես մի զարկն եմ քո բազկի...>> բառերի հետ միաձույլ: